Մինչև ոչխարների հարցին անդրադառնալը, փորձենք մեկ-երկու խոսքով նկարագրել այդ հարցի մեծ ջատագովի` ՀՀ գյուղնախարարի եռանդուն պնդումները, թե մոտ ապագայում մենք կարող ենք ոչխարների թիվը հասցնել մինչև 1,5 միլիոնի, և որ դրանից գյուղացիների եկամուտները կմեծանան, և այդ բնագավառն ամենևին էլ ինչ-որ մեկի սեփականությունը չէ (այսինքն` հայերն էլ կարող են ոչխար պահել), ինչից էլ երկիրը... և այլն, և այլն։ Նախարարն այնպիսի խանդավառ ժպիտով էր խոսում դեռ չծնված գառների մասին, որ ակամայից լսողին թվում էր, թե այդ պահին էլ մտովի ծամում էր գառան համեղ խաշլաման։ Քանի որ մեր երկրում չկա ցանկացած կենսական հարցի վերաբերյալ համապետական ծրագիր, և յուրաքանչյուր բնագավառի տերն ու տիրակալը (բայց ոչ պատասխանատուն) նախարարն է, ուրեմն ցանկության դեպքում նա կարող է անգամ անգիտակցաբար բակլան խաշած ցանել։ Դրա վատ օրինակն է գիտության և կրթության բոլոր նախարարների գործունեությունը և այսօրվա մեր երկրի կրթական թշվառ վիճակը։
Նպատակ չունեմ ամենևին անդրադառնալու այն հարցին, թե ովքեր են արտահանելու այդ ոչխարները և ինչ եկամուտներ են ունենալու դրանից, որովհետև դա պարզից էլ պարզ է։
Ինչպես հասկանալ, որ Պարսկաստանի պես լայնածավալ երկիրը, որի տարածքը հասնում է մինչև 1,5 միլիոն քառ. կիլոմետրի, չի խթանում ոչխարաբուծությունը, իսկ մեր թզաչափ երկրում նախարարը ցանկանում է այդ կենդանաքանակը հասցնել մինչև 1,5 միլիոն։ Այդ նույն Պարսկաստանը, որն ունի հսկայական անտառներ, անտառանյութ էր ներկրում Հայաստանից։ Դե, այստեղ են ասել, խնդամ երկրիդ ջոջերի դաստիարակության ու ինտելեկտուալ մտածելակերպի վրա, խնդամ նաև օրական մեկ գառով չբավարարվող պաշտոնյայի ախորժակի վրա, որի ինտելեկտուալ կարողությունները որովայնից դենը չեն անցնում։
1988-ին ՀԽՍՀ կառավարությունը որոշել էր տարեցտարի սահմանափակել և այնուհետև համարյա զրոյացնել ոչխարաբուծության զարգացումը Հայաստանում։ Բնականաբար, այդ հարցով շահագրգռված անձինք (որոնք, ի միջի այլոց ասեմ, մեր հողերում պահած ոչխարները Քելբաջարի սարերով անցկացնում և ծախում էին ադրբեջանցիներին) աղմուկ բարձրացրին, թե խախտվում է ոչխար պահելու իրենց իրավունքը, և բողոքել էին ԽՍՀՄ գլխավոր դատախազություն։ ՀՀ դատախազության մեր բաժնի աշխատակից Լեռնիկ Շահբազյանը հարցի լուծման համար գործուղվեց Մոսկվա։ Բանակցությունները գլխավոր դատախազությունում չավարտվեցին հօգուտ մեր կառավարության, որովհետև այնտեղ պատճառաբանել էին, թե արգելելով խախտվում է մարդու` իր աշխատանքն ազատ տնօրինելու իրավունքը։ Այդ նույն տարում թերթերում գիտական հոդվածներ էին տպագրվում, որոնցով հիմնավորվում էր, որ դաշտում արածող ոչխարի հոտը գոնե չպետք է լինի տասից ավելի։ Ինչո՞ւ։ Որովհետև ոչխարի հոտը եթե գերազանցում է այդ թիվը (իսկ Հայաստանում այն հասնում է երբեմն մի քանի հարյուրի, երբեմն էլ հազարի) վտանգավոր է լեռնային լանդշաֆտի համար։ Ոչխարի կճղակն այնպիսի ուժ ունի, որ իրար հետևից (մասնագետ աչքը նկատած կլինի, որ, ի տարբերություն կովերի, ոչխարները քայլում են համարյա իրար կպած և մի գծով) քայլող ոչխարները մանր-մունր լեռնոտ լանդշաֆտը սահեցնում են դեպի ներքև, այսինքն` հողի քայքայման հիմք են ստեղծում։ Ոչխարը հզոր կառուցվածքով կենդանի է, նա կարողանում է քանդել ձյան հաստ շերտի տակից և ուտելիք հայթայթել։ Դժվար չէ պատկերացնել, որ չոր պայմաններում, եթե խոտի վերին շերտը ոչնչացվել է, քանդում, հանում է արմատը։ Ոչխարն իսկ և իսկ ամեն ինչ ոչնչացնող անապատի մրրիկ է։
Գաղտնիք չէ նաև, որ հոկտեմբերի վերջերից ոչխարներն իջեցնում են սարից և շուրջ վեց ամիս արածեցնում Արարատյան դաշտում։ Ոչխարը կրծում է նորատունկ ծառերի կեղևը, որոնք արդեն ամռան ընթացքում չորանում են։ Մեկ անգամ չէ, որ հողի և ոչխարի տերերի միջև այդ հողի վրա կռիվներ են առաջացել անցանկալի հետևանքներով։
Տեղին է հիշել, որ երբ 1961 թվականին Խրուշչովը եղավ Հայաստանում և փորձեց Արարատյան դաշտավայրի բարիքները, համոզվեց, որ Արարատյան դաշտավայրը բամբակի համար չէ։ Հաջորդ տարվանից բամբակը հեռացավ Հայաստանից։ Հայաստանում բուռն զարգացում ապրեցին խաղողագործությունը, պտղաբուծությունը, կոլտնտեսություններում էլ սկսեց պակասել ոչխարների քանակը։
Այսօր գյուղնախարարը, գյուղատնտեսական բազում հոգսաշատ հարցերից գլուխը փախցնելու համար, որոշել է զարկ տալ իր սիրելի կենդանիների զարգացմանը, իսկ թե հետո այն ինչ հետևանքներ կունենա մի թիզ երկրի լանդշաֆտի վրա, կարևոր չէ նախարարի համար։ Տեղին է Շիրվանզադեի «Քաոս»-ից հիշել Մարութխանյանին. «Թող ես դառնամ կլորիկ միլիոնատեր, ով ինչ կուզի թող ասի»։
Գերասիմ Ալավերդյանն էլ Մարութխանյանի պես հավանաբար մտածում է. «Թող ես ամեն օր ըմբոշխնեմ գառի խաշլաման...», իսկ գուցե ֆրանսիական թագավորի խոսքերն ավելի՞ տեղին են. «Ինձնից հետո` թեկուզ ջրհեղեղ»...
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ